Չունե՞ք տպավորություն, որ աշխարհով անցել է փոփոխության ալիք, որ հասնում է մեր պայթյունավտանգ տարածաշրջանին: Կարող է պայթեցնել, կարող է խաղաղեցնել: Մերձավոր Արևելքը թողնենք իր պայթյունների մեջ: Իրանում նախագահական ընտրություններում ժողովուրդն ընտրեց բարեփոխիչ Հասան Ռոհանիին, թեպետ թվում էր՝ ԱՄՆ նախագահն ու այաթոլա Ալի Խամենեին ամեն ինչ արեցին, որ նա չվերընտրվի: Իրանը շարունակելու է բարեփոխումներն ու միջազգային ասպարեզում իր տեղն ու դերը վերականգնելը՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրումով: Թուրքիայում ԱԶԿ-ի բախտը չի բերում՝ Ազգային մեծ ժողովի ընտրություններից հետո կառավարություն չկարողացան կազմել, արտահերթ ընտրության գնացին, հեղաշրջում խաղացին, հանրաքվե արեցին, երկրի մի կեսը ձերբակալում է մյուս կեսին, պետությունը որոնում է «զուգահեռ պետություն», Էրդողանը մեղադրում է Գյուլենին, երկիրը չի խաղաղվում: Երկրում ու երկրից դուրս փորձագետները խոսում են մասնատման մասին: Արևմուտքից մերժված Էրդողանին մնում է Ռուսաստանը՝ Արևմուտքի հետ չհաշտված: Ստացվում է՝ նրանք պետք են իրար, քանի դեռ ոչ մեկին պետք չեն:
Կին փոխնախագահն էլ Ադրբեջանին չփրկեց, անգամ Մեհրիբան Ալիևայի տեսքով, սկսվել է գործընթաց, որ դոմինոյի էֆեկտ ունի՝ դեֆոլտի կոդի տակ: Forbes-ը գրում է միջպետական բանկի դեֆոլտի մասին, որի ակտիվները ամբողջ երկրի բանկային ակտիվների 40 %-ն են: Գուցե դեֆոլտի կոդը ֆինանսական չէ, այլ քաղաքական: BBC-ն գրում է ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու գործերի հետաքննությունների մասին. չորս տարի պահանջվեց, որ Ստրասբուրգում կաշառքին ասեն կաշառք, քաղաքական կոռուպցիան տարբերեն խավիար ուտելու ու դոլար սիրելու հակումներից: 2013-ին պատժամիջոցներից Բաքուն խուսափեց այդ ճանապարհով, ավելի ճիշտ՝ ԵԽԽՎ-ն պատրաստ չէր այդ քայլին ու գուցե հիմա էլ պատրաստ չէ: Թեպետ նույն ԵԽԽՎ-ն մոնիտորինգը վերականգնեց Թուրքիայի նկատմամբ: ԱՄՆ-ը դադարեցրեց Ադրբեջանին օգնությունը: Բոլորովին վերջերս ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական հայտարարություն արեց՝ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մեղավոր ճանաչելով Ադրբեջանին: Անգամ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ տեղեկություններ չունի երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման մասին: Այսինքն՝ բանակցությունները՝ առավել ևս «սուբստանտիվ» սկզբունքներով, դո՞ւրս են մղվում օրակարգից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Պրագմատի՞զմն է գալիս: ՈՒ՝ ի՞նչ սահմաններով: Կխորանա՞ն այնքան, որ հիշեն, թե երբվանի՞ց և ինչո՞ւ քաղաքական քարտեզի վրա հայտնվեց արհեստական պետություն, որ այլևս սպառել է առաքելությունը՝ չկան շահերը, որ սպասարկում էր: Որ այլևս աշխարհաքաղաքական պահանջարկ չունի՝ վերաբաժանվող տարածքների շրջագծում հայտնվելով: Որ այլևս չի կարողանում նավթի բույրով դոլարի բերքահավաք անել, բայց սպառազինված է այնքան, որ վառոդի տակառ է նախ ինքն իր համար, հետո՝ հարևանների, որոնց բոլորին ներկայացնում է տարածքային հայտեր՝ Իրանից Վրաստան: Գուցե Թուրքիայի մասնատման դիմաց իբրև խրախուսական մրցանակ՝ որոշակի մասով տրվի Անկարայի՞ն: ՈՒզում էին, չէ՞, Էրդողանն ու Ալիևը ժամանակին միասնական պետություն ստեղծել: Եթե իսկապես գալիս է պրագմատիզմի ժամանակը, Մոսկվան էլ պիտի հիշի, թե ո՞ւմ և ինչո՞ւ հանձնեց Վանը, Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, հետո՝ Նախիջևանն ու Ղարաբաղը, և ի՞նչ են ռուսները միշտ ստանում թուրքերից, երբ Թուրքիան Արևմուտքի հետ հերթական անգամ հարթում է հարաբերությունները: